Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նամակներ Նոր Ջուղայից-7

Նամակներ Նոր Ջուղայից-7
12.05.2017 | 10:55

(սկիզբը` այստեղ)

Ազգային պետական կրթահամալիրի դահլիճը մարդաշատ էր: Ներկա էին հայր սուրբը` հոգևորականների հետ, Պատգամավորական և Թեմական ժողովների ղեկավարները, մարդիկ, որոնց ճանաչում էի և մարդիկ, որոնց առաջին անգամ էի տեսնում:
Միշտ խուսափել եմ հրապարակային բանավոր ելույթներից, որովհետև դա համարում եմ անհարկի ուշադրության գրավում, ինքնագոհացման բավարարում: Բայց համայնքային ղեկավարության որոշումը չհարգել չէի կարող, դա երախտագիտության ու վարձքի մատուցում էր:
Կար խոչընդոտ` ելույթիս հատկացված էր մեկ ժամ, և նախօրոք մտովի չարչարվել էի` առանձնացնելով կարևորը: Նորջուղայեցիներին պատմել իրենց քաղաքի մասին իմաստ չուներ, նրանք, թերևս, դա լավ գիտեին, բայց պատմել իրենց խիզախ նախնյաց մասին, որոնք աշխարհն էին չափչփել` հիմնելով առևտրատնտեսական համայնքներ, որոնք դարեր անց վերածվեցին փրկօղակների, սփյուռքյան գաղթօջախների` դա հետաքրքիր կլիներ:
Ելույթիս հիմա չեմ անդրադառնա, դա արդեն անցյալ է, բայց առիթից կօգտվեմ և կխոսեմ պատմականորեն հավաստի մի քանի փաստերի մասին, որոնք ուշագրավ կլինեն նաև նորջուղայեցիների համար (ենթադրում եմ, որ Նոր Ջուղայում կարդում են այս «Նամակները», եթե, իհարկե, կարողանան հաղթահարել համացանցի սահմանափակումը):


1586 թ. Արցախի Դիզակ գավառի երկու գյուղ` իրենց մելիքներով, օսմանցիների հալածանքներից փրկվելու համար գաղթեցին Սպահան: Շահ Աբասը նրանցից ստացավ անհրաժեշտ տեղեկություններ: Եվ երբ 1603 թ. Դավիթ և Մելքիսեդեկ կաթողիկոսներն էլ այցելեցին Սպահան` օգնություն ստանալու ակնկալիքով, շահը վերջնականապես հղացավ մեզ համար դիվային ու ողբալի, իր համար խիստ ձեռնտու և հաշվենկատ ծրագիրը` «մեծ սուգունը»: Վերևում արդեն ասել եմ, որ Արաքսն անցած գաղթականությունը «մաղվեց». «անարժեք» բազմությունը բնակեցվեց Էնզելի, Ռեշտ, Ղազվին, Համադան, Ղաշան, Ղում և այլ քաղաքներում ու դրանց մերձակա գյուղերում, իսկ պրոֆեսիոնալ վաճառականները, հմուտ արհեստավորները և նրանց ընտանիքները, որոնց կորիզը հինջուղայեցիներն էին, բռնաքշվեցին Սպահան:


1606 թ. հիմնված Նոր Ջուղայում կար 12 հազար տուն` բաժանված 10 թաղերի:
1851 թ. հոգևոր իշխանության կազմած ցուցակի համաձայն, հազարավոր տներից մնացել էր ընդամենը 371-ը` 2586 երկսեռ բնակչությամբ, իսկ 24 եկեղեցիներից` 10-ը: Ակնհայտ է, որ տեղի էր ունեցել արտահոսք. մի մասն առևտրային գործերով գնացել էր այլ երկրներ, հիմնականում` Հնդկաստան, ու չէր վերադարձել, մի մասը, ըստ երևույթին, վերադարձել էր հայրենիք: 371-ից 100 տուն կերակրվում էր արտերկրից իրենց հարազատների ու բարեկամների ուղարկած առատ դրամական օգնության շնորհիվ:
1901 թ. հոգևոր իշխանությունը նոր մարդահամար իրականացրեց, և պարզվեց, որ 10 թաղից մնացել էր 8-ը, բայց տեղի էր ունեցել աճ` 530 տուն 3450 բնակչով: Աճը եղել էր շրջակա գյուղերից քաղաքում վերաբնակվածների հաշվին:
Բոլոր տվյալները հանրագումարի բերելով, ստացվել էր հետևյալ պատկերը. քաղաքում կային 783 չքավոր, 497 աղքատ, միջակ եկամուտ ունեցող 1731 արհեստավոր և 349 հարուստ վաճառական:


Այս մարդահամարի տվյալներից ինձ հետաքրքրում էին աշխարհի տարբեր երկրներում, հատկապես` Հնդկաստանում, գտնվող նորջուղայեցիները, որոնք նշված էին «պանդուխտ» բառով. նրանց թիվը 236 էր: Ինչո՞ւ էր դա ինձ հետաքրքրում, որովհետև այդ «պանդուխտների» և տեղի հարուստների ազգասիրության շնորհիվ էր քաղաքը գոյատևում, նրանց առատաձեռն բարերարության շնորհիվ էին քաղաքում պահվում եկեղեցիները, դպրոցները, համայնքային կազմակերպություններն ու կառույցները:
…Կրկնեմ` այս ամենի մասին ես չեմ խոսել, բայց ելույթիս ընթացքում տեղի ունեցավ մի բան, որ մինչ օրս չեմ կարողանում բացատրել: Երբ պատմեցի Նիդերլանդական Հնդկաստանի` Ինդոնեզիայի Ճավա կղզու Սմարանգ քաղաքում ապրող Հովսեփ Ամիրխանյանի մասին, ում կյանքի նպատակը Արցախը փողով գնելն էր, հանկարծ «տեղափոխվեցի» Բալի կղզի և խոսեցի այդտեղ առաջին կինոթատրոնը հիմնած Մինաս Պողոսյանի մասին: Ազնիվ խոսք, նախօրոք չէի ծրագրել, դա եղավ ինքնաբերաբար:


Համառոտ շարադրեմ: XIX դարավերջին պատանի Մինասը Նոր Ջուղայից գաղթում է Կալկաթա, ուսանում Մարդասիրական ճեմարանում, բայց ավարտելուց հետո հարմար զբաղմունք չի գտնում (անգլիացիները հայ տարրին արդեն դուրս էին մղում Հնդկաստանից): Տեղական թերթերից մեկում կարդում է, թե Ավստրալիայում հողատարածք են ձրի տրամադրում, և եթե մարդ 30 տարի դրա վրա աշխատի, դա կմնա իրեն որպես սեփականություն: Որոշում է Կանաչ մայր ցամաքի ճամփան բռնել ու նավ է նստում: Բայց, նախ, կանգ է առնում Բաթավիայում (Ջակարտա), որպեսզի տեսակցի այդտեղ ապրող քեռու հետ: Վերջինս, իմանալով երիտասարդի մտադրության մասին, խորհուրդ չի տալիս. «Այ տղա ջան, ուր ես գնում-հասնում մեզ համար անծանոթ երկիր, ավելի լավ է գնաս մոտերքում գտնվող Բալի կղզի: Սիրուն տեղ է, մարդիկ` պարզ ու հասարակ, երբ ուզում` քնում են, երբ ուզում` զարթնում: Կանայք կիսամերկ են ման գալիս, ով ում ուզում` սիրում է: Ամբողջ գործը կանայք են անում: Առատ գաղթաբերք ունեն, կծախես` կապրես: Առաջ այդտեղ հայեր կային, բայց հիմա ոչ ոք չի մնացել»:


Մինասը որոշում է ականջալուր լինել քեռու խոսքերին: Բայց Բաթավիայում առաջին անգամ տեսնում է… կինո, և դա նրան ապշեցնում է, արթնացնում անանց մի սեր:
Հաստատվում է Բալիի կենտրոն Սինգառաջա քաղաքում, տուն կառուցում և շատ արագ վայելում տեղաբնիկների հարգանքը և դա փոխադարձում: Սկսում է զբաղվել գաղթաբերքի առևտրով, որ Լոմբոկի նեղուցը հատելով` տանում-վաճառում է Ճավայում: Ի՞նչ բան է գաղթաբերքը, գաղութային բերքը` սուրճ, շաքար, թելատու բույսեր, գունատու նյութեր, կաշի ու մորթի, համեմունքներ, անդրաշխարհիկ մրգեր և այլն, և այլն:
Բայց կինոյի հանդեպ սերը չի մոռանում և որոշում է տեղացիների համար կինոթատրոն կառուցել, ժապավենները բերել Բաթավիայից ու նրանց ցուցադրել: Նպատակը կատարում է, կառուցում է (երևակայություն է պետք պատկերացնելու համար, թե դա ինչպիսի կինոթատրոն էր), Բաթավիայում կապ է հաստատում մի չինացու հետ, որը նրան ֆիլմեր է տրամադրում:


Սակայն Մինասը հանդիպում է լուրջ խոչընդոտի. բանն այն է, որ տեղացիներն ապրում էին պարզ ապրանքափոխանակությամբ և գաղափար իսկ չունեին, որ կինոդիտման համար պետք է… վճարել: Այդ խնդիրը լուծելու, կղզեբնակներին դրամաիրային հարաբերությունների հետ ծանոթացնելու և առհասարակ քաղաքակրթության հետ շփում առաջացնելու համար հիմնում է «Minas Tourist Agency» ամպագոռգոռ անվամբ զբոսաշրջային գործակալություն և սկսում իր նավակով Բալիի ժողովրդին տանել Ճավա (հիմնականում` անվճար) ու հետ բերել:
Չերկարացնեմ: Մինաս Պողոսյանը Բալիում ապրեց 50 տարի: Այնպիսի հեղինակություն էր վայելում, որ տեղացիները նրան անվանում էին «ճերմակամորուք արքա»: «Արքան» նույնպիսի խանդաղատանքով ու գուրգուրանքով էր վերաբերվում բալիցիներին: Նրա խնդրանքով ու համառ հորդորներով անգլիացի գրող Փաուելը գրում է «Դրախտը երկրի վրա», իսկ հոլանդացի կինեմատոգրաֆիստները նկարահանում են Բալիի մասին առաջին փաստավավերագրական ֆիլմը:


…Երբ ելույթս ավարտեցի և արժանացա ձեռքսեղմումների, շնորհավորանքների, շնորհակալությունների, որոնք որքան հաճելի, նույնքան էլ ամաչեցնող էին, մոտեցավ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը և ասաց.
-Գիտե՞ք, Մինաս Պողոսյանի թոռը` նույնպես Մինաս Պողոսյան, մեզ մոտ է ապրում, կուզե՞ք հետը հանդիպել:
Ավելորդ է ասել, որ անչափ շատ էի ուզում:
Քանի որ հաջորդ օրը պիտի մեկնեի Հայաստան, առիթից օգտվելով մարդկանցով շրջապատված հայր սուրբին խնդրեցի ժամադրություն` հրաժեշտ առնելու համար: Չմերժեց, ժպտաց ու ժամ նշանակեց մյուս օրվա երկրորդ կեսին:
Նիկիտ Միրզայանցը բաժանվելուց առաջ կրկին մոտեցավ ու ժպտալով նույն հարցը տվեց.
-Կտակների պատճեններն ստացա՞ր:
Գրո՜ղը տանի…

«ՋԱՎԱ՜… ՍԻԼԻԲԻ՜Զ…» ԵՎ ՕՐՀՆԱՆՔԸ
Առավոտյան հյուրանոց է զանգահարում Վերգինե Միրզախանյանը և բարեհամբույր, բայց գործնական շեշտադրմամբ, հայտնում. «Հաջողվել է հանդիպման համաձայնություն ձեռք բերել պարոն Մինաս Պողոսյանի հետ: Հարկ է 11-ն անց քառորդ լինել նրա բնակարանում»:
Այդ «քառորդ» բառն ինձ ստիպում է արագորեն հայտնվել վանքի բակում, որտեղ Վերգինեն իմ վաղեմի ծանոթ, տաքսու վարորդ Վրեժ Թորոսյանին պլանշետի վրա բացատրում է ինչպես հասնել Մինաս Պողոսյանի տուն:


Պարոն Մինասն ապրում էր ինձ քաջ հայտնի Խաղանի փողոցի նրբանցքներից մեկում, և Վրեժի հետ որոշում ենք ոտքով գնալ:
Կարծեմ 7-հարկանի շենքի ճակատին պարսկերեն գրություն կար, որը թարգմանաբար նշանակում էր «Վարդաշեն»: Ճիշտ 11-ն անց քառորդ դռան զանգը տալիս ենք: Լուսավոր, հրաշալի բնակարանում մեզ դիմավորում են Մինաս Պողոսյանի դուստրը, որդին և մյուս որդու երիտասարդ տղան: Ինքը` պարոն Մինասը նստած է բազմոցի անկյունում, ես տեղ եմ զբաղեցնում նրա մոտ, աթոռին: 95 տարեկան է…
Առաջինն ինքն է ինձ հարցնում.
-Դու ո՞ւր կապրես:
-Հայաստանում, Երևանում:
Հետո ես եմ սկսում հարցերս, բայց նա ծանր է լսում, բացի այդ` լեզուս չի հասկանում, որովհետև հին նորջուղայեցի է և պահպանել է իր բարբառը: Դա տեսնելով, որդին` Խեչոն, առաջարկում է հարցերն իրեն ուղղել, որպեսզի «թարգմանի» և գրեթե գոռալով բարձրաձայնի: Հետագա ամբողջ խոսակցությունն ընթանում է այդ հունով:


Հարցնում եմ.
-Քանի՞ տարեկան էիք, երբ գնացիք Ինդոնեզիայի Ճավա կղզի:
(Խեչոն «Ինդոնեզիա» բառը «թարգմանում» է «Ընդոնեզիա», իսկ «Ճավան»` «Ջավա»):
-Յոթ,- հնչում է պատասխանը:
Ճի՛շտ է, օտարության մեջ գտնվող նորջուղայեցիք իրենց երեխաներին բերում էին 7 տարեկանից ոչ շուտ, ինչո՞ւ` չգիտեմ:
Հարցնում եմ.
-Բալի կղզու Մինաս Պողոսյանը Ձեր ի՞նչն է:
-Ոչ մի բանը,- պատասխանում է:
ՈՒրիշն իմ փոխարեն կշվարեր, բայց ես չեմ հանձնվում: Տնեցիներին բացատրում եմ, որ դա անհնար է, հնարավոր չէ, որ նույն վայրում գտնվող և նույն անուն-ազգանունն ունեցող մարդիկ ազգականներ չլինեն: Խեչոն ասում է, թե մայրը մյուս սենյակում է, գուցե իրե՞ն էլ հրավիրենք, կօգնի վերհիշել: Իհարկե՛:
Տիկինն 93 տարեկան է, գալիս և նստում է ամուսնու կողքին:
Մինչ տնեցիք տալիս-առնում են` ազգակցական կապեր փնտրելով Բալիի «ճերմակամորուք արքայի» հետ, երբեմն-երբեմն հարցուփորձ անելով նաև գերդաստանի նահապետին, այդ ընթացքում պարոն Մինասի ուշադրության թիրախը, կարծես, ես եմ դառնում: Հանկարծ ցածրաձայն ասում է.
-Ջավա՜…
Այդ բառը միայն ես եմ լսում ու տեսնում, թե ինչպես է մարդը փորձում վերհիշել, տեսնում եմ մարդկային հիշողության մեխանիզմի աշխատանքը: Ի՞նչ էր վերհիշում, օտար ափերում իր մանկությո՞ւնը, երիտասարդությո՞ւնը, դեգերումնե՞րը, տպավորություննե՞րը, մարդկա՞նց:
Քիչ անց ասում է.
-Սիլիբի՜զ…
Հասկանում եմ` ինչ է ասում, խոսքը ինդոնեզական Ցելեբես կամ Սուլավեսի խոշորագույն կղզու մասին է, որի Մակասար նավահանգիստը դարատև եղել էր հայ վաճառականների առևտրային կայաններից մեկը:
Խեչոյին խնդրում եմ հարցնել` ինքը եղե՞լ է Բալիում: Պատասխանը հնչում է միանգամից ու կտրուկ. «Չէ»: Բայց երբ ընտանիքի անդամները շարունակում են զբաղվել փնտրտուքներով, ցածրաձայն ասում է.
-Բալիի կնիկները կրծքերը բաց ման կուգային:
Ժպիտս հազիվ եմ թաքցնում և քիչ է մնում հարցնեմ` բա ասում էիք, թե Բալիում չեք եղել: Բայց դա չեմ անում, որովհետև հասկանում եմ` տիկինը կողքը նստած է, այդ պատճառով չէր խոստովանում, որ Բալիում էլ է եղել ու տեսել կրծքաբաց կանանց:
Ի վերջո պարզվում է, որ «ճերմակամորուք արքան» Մինաս Պողոսյանի պապի եղբայրն է: Բայց, ավա՜ղ, գրություններ, լուսանկարներ կամ հուշեր չեն պահպանվել, և ես Բալիի առաջին կինոթատրոնը հիմնածի մասին որոնումներս պիտի շարունակեմ:
Ճանապարհին տաքսու վարորդ Վրեժի հետ պայմանավորվում ենք մեկնումի շուրջ, իսկ ես մտածում եմ, որ եթե Աստված այդքան երկար կյանք է պարգևել Պողոսյան ամուսիններին, կնշանակի` նրանք արդար են ապրել:


Շտապում եմ առաջնորդարան, որտեղ պիտ հանդիպեի հայր սուրբի հետ:

Սիփան ծայրագույն վարդապետն առաջարկեց զրուցել առաջնորդարանի երկրորդ հարկի բաց պատշգամբում, որը նայում էր վանքի բակին: Այս անգամ մեր առանձնազրույցն ընթացավ բացառապես սիրիական պատերազմի և սիրիահայ գաղութի ողբալի ճակատագրի շուրջ: Մեր երկժամյա խոսակցությունը մերթընդմերթ ընդհատում էին բակի եվրոպացի զբոսաշրջիկները, որոնք նկատելով սքեմավոր հոգևորականի` ներքևից լուսանկարում էին:
Հրաժեշտից առաջ հոգևոր առաջնորդից… օրհնանք խնդրեցի: Հայր սուրբը ժպտաց, ձեռքը դրեց գլխիս և ասաց խոսքեր, որոնք վերջին 20 տարվա աշխատանքիս գնահատականներն էին: Ես ստացա վարձքս:
Երբեք չեմ մոռանա օրհնանքի խոսքերը…

(շարունակելի)
Երևան-Նոր Ջուղա-Երևան

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ